Tuesday, March 8, 2016
Երիկամներ
Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։ Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ, դրսային ու միջային եզրեր և առաջային ու հետին երեսներ։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը, որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց, նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։ Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով, որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝մկանայաին պատյանը։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը ։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը, որն ունի երկու թերթիկ՝ առջևի և հետին։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են։
Labels:
Կենսաբանություն
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment