Tuesday, March 8, 2016

Մարսողական Համակարգ

Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է:
Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը:
Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս: Վերջինս պարկանման լայնացում է, որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից: Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի: Հասուն մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժամ, որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել ստամոքսահյութով:

No comments:

Post a Comment